
Հռոմի պապի հիվանդության կրիտիկական փուլն անցել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։
Մարտի 10-ին հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոս պապը կարողացել է կապ հաստատել Հռոմի կուրիայի՝ Սուրբ աթոռի գլխավոր վարչական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ այնուհետև հաղորդություն է ստացել և մատուռ գնացել աղոթելու համար։ Բացի այդ, նա նաև աղոթքներով և բարեմաղթանքներով հեռագիր է ուղարկել Արգենտինայում հեղեղումներից տուժածներին։
Հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան է: