
Համբուրգի օդանավակայանի գործադուլն ազդել է ավելի քան 40 հազար ուղևորի վրա

Համբուրգի օդանավակայանի աշխատակիցների՝ առանց նախազգուշացման անցկացված գործադուլը հանգեցրել է գրեթե 300 չվերթի չեղարկման, որոնք պետք է փոխադրեին ավելի քան 40 000 ուղևորի: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
«Մենք գիտենք, որ սա մեծ անհարմարություն է ուղևորների համար: Մեր գործընկերներն էլ են դա հասկանում: Բայց նրանք ասել են, որ մենք պետք է գործադուլ սկսենք: Այն պետք է հզոր լինի, որպեսզի հետագայում մենք կարողանանք բանակցություններ վարել խնդիրների խելամիտ լուծման համար», – հայտարարել է գործադուլը կազմակերպած Ver.di արհմիության պաշտոնյաներից մեկը։
Գործադուլի մասին հայտնի է դարձել դրա սկսվելուց ընդամենը կես ժամ առաջ, մինչդեռ արհմիությունները սովորաբար մի քանի օր առաջ են նախազգուշացնում նման ակցիաների մասին։Արդյունքում պլանավորված ավելի քան 280 թռիչքից իրականացվել է միայն 10-ը։
Արհմիությունը պահանջում է ամսական աշխատավարձի 8%-ով կամ առնվազն 350 եվրոյով բարձրացում, ինչպես նաև պահանջում է բարձրացնել ծանր աշխատանքի համար հավելավճարները և տրամադրել լրացուցիչ հանգստյան օրեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 10-ին Գերմանիայի 11 օդանավակայաններում նույնպես կանցկացվի Ver.di-ի կողմից կազմակերպված գործադուլ։