
ՀՀ-ն պետք է ամրապնդի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Ռուստամյան
Հայաստանը պետք է ամրապնդի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Իրանի հետ պետք է անհապաղ կնքել ռազմաքաղաքական դաշինք։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները հայ ազգը տանում են դեպի թրքացման, իսկ նրանց առաջարկած քաղաքական ուղեգծի իմաստն ըստ էության պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության։ Դրա «երաշխավորն» էլ հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։
«Խաղաղության անվան տակ մենք ունենալու ենք նոր զիջումներ, նվաստացում և դրանցից բխող այլ հետևանքներ։ Մեր խնդիրն է՝ ստեղծված իրավիճակում բեկում մտցնել․ հայ ժողովուրդը պետք է ունենա իրական ու անշրջելի խաղաղություն։ Մեզ նոր արտաքին, դիվանագիտական հմուտ քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք վերականգնել մեր կապերն այն երկրների հետ, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։
Այդ երկրներից առաջինը Ռուսաստանն է, որի հետ պետք է ամրապնդել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան։ Իրանի հետ պետք է անհապաղ կնքել ռազմաքաղաքական դաշինք այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, ապա կնշանակի հարձակում տվյալ երկրի վրա։ Իրանն այսօր մեր իշխանություններից ավելի հստակ դիրքորոշում է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» մասով»,- նշեց Ռուստամյանը։
Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ Արևմուտքի հետ էլ այս պահին տրամաբանություն է առաջացել փոխլրացմամբ հայկական շահերը պաշտպանելու, քանի որ Ռուսաստան և միավորված Արևմուտք իրականությունը բոլորովին այլ է։ Ըստ Ռուստամյանի՝ դա ՀՀ-ին հնարավորություն է տալիս փոխլրացման տրամաբանությամբ գերտերությունների հետ աշխատել ու հայերի շահերն առաջ տանել։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նոր նոր որակի իշխանություն ձևավորել, քանի որ ՀՀ ղեկավարության ուղեգիծն ապազգային է։
«Մեր այլընտանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդն ունի իր սեփական ուժային աղբյուրները, որոնք չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն»,- ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ պետք է նաև արդեն խաթարված Հայաստան-Արցախ-սփյուռք միասնությունը վերականգնել, ինչպես նաև պաշտպանական ու անվտանգային համակարգերը հրատապ վերակառուցել, որովհետև հակառակորդներն այլ լեզու չեն հասկանում, թույլ լինելու դեպքում ամեն օր նոր պահանջներ են հնչեցնելու։