
Մակրոնի և Շառլ Միշելի խաթր Արցախից հրաժարվողն ինչո՞ւ չպիտի հրաժարվի մեր ազգային սիմվոլներից. Արտակ Զաքարյան
«Հայաստանի առաջ զենք ձեռք բերելիս երբեք որևէ պահանջ չի դրվել, բացի նրանից, որ մենք այդ զենքը երրորդ երկրներին չպետք է վաճառենք։ Այսինքն՝ մեզ հավաստագիր են տվել, որ այդ զենքը մեր պաշտպանության համար է։ Ես չեմ հավատում, որ Հնդկաստանը կամ Ռուսաստանը, Ֆրանսիան Նիկոլի առաջ պայման են դրել Արարատ սարի անունը փոխել, որ զենք վաճառեն մեզ: Դա անհնար է, չի կարող լինել նման բան: Դա Նիկոլ Փաշինյանի թուլամորթ բնույթն է։ Փորձում են մեր բիբլիական լեռան մասին հիշողությունը վերացնել, վերացնել ինքնության հետ կապված բոլոր էլեմենտները՝ սպառողական հասարակություն ձևավորելու համար։ Դրանով իսկ նրանք վերացնում են հայ ժողովրդի պահանջատիրությունը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Եթե Փաշինյանը որոշել է Թուրքիայից զենք բերել, ապա Արարատի անունը չտալու տրամաբանությունը կարող էր տեղ ունենար։
«Բայց քանի որ Թուրքիան մեզ երբեք զենք չի վաճառի, նման անհեթեթություններ հայտարարում է՝ իր կապիտուլյացիոն բնույթն առաջ մղելու համար: Ես չեմ զարմանում, որ Մակրոնի ու Շառլ Միշելի խաթր Արցախից հրաժարվողը հիմա հրաժարվում է մեր ազգային սիմվոլներից։ Վաղն էլ Սահմանադրությունից կհանեն Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերի մասին դրույթը»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:
ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում 4 լայնածավալ ռազմական ագրեսիա է եղել։
«Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել մեր ժողովրդի առաջ ծառացած անվտանգային խնդիրներն ու այդ բեռը դնում են ժողովրդի վրա՝ բանակը թուլացնել, Ադրբեջանին թույլ տալ վերահսկել մեր զենքերի ձեռքբերումը, ինչ ուզում են՝ տանք, Սահմանադրությունը փոխենք, միայն թե Ադրբեջանը չհարձակվի… Պատերազմով սեփական ժողովրդին վախեցնող իշխանությունն ասում է մի բան՝ ես չեմ ուզում կամ չեմ կարողանում պաշտպանել ձեր իրավունքները ձեր իսկ սուվերեն տարածքի վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: