
Թրամփն ավարտին կհասցնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը մինչև 2029 թվականը․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի մինչև իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, ավարտին հասցնել ամբողջ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն ընդգրկող «ֆիզիկական» սահմանային պատի կառուցումը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Տեխաս նահանգի Իգլ Փաս քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։
«Կարծում եմ՝ նախագահը հույս ունի, որ մինչև իր ժամկետի ավարտը մենք կկառուցենք ամբողջ սահմանային պատը։ Իհարկե, խոսքը գնում է ֆիզիկական կառույցի, հենց բուն պատի մասին», – նշել է Վենսը:
New York Post-ի տեղեկացմամբ՝ Վենսը, որին հարավային սահմանով շրջագայության ժամանակ միացել էին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, նաև առաջարկել է «լավ տեխնոլոգիական գործիքների» կիրառում ապօրինի սահմանահատումները կանխելու համար:
Նա մատնանշել է արհեստական բանականության տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ճանաչել սահմանը հատել պատրաստվող մարդուն 2 մղոն (3,2 կմ) հեռավորությունից։
Ավելի վաղ Թրամփը հանձնարարել էր Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին «ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ տեղակայելու և կառուցելու ժամանակավոր և մշտական ֆիզիկական խոչընդոտներ Միացյալ Նահանգների հարավային սահմանի ամբողջական օպերատիվ վերահսկողությունն ապահովելու համար»:
Իր պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2017-2021 թթ., Թրամփն ԱՄՆ հարավային սահմանի երկայնքով կառուցել էր ավելի քան 450 մղոն (720 կմ) երկարությամբ նոր և փոխարինող պատ: