Բաժիններ՝

Անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը մշակութային կամուրջ կստեղծի Հայաստանի և Իսլանդիայի միջև

Իսլանդացի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրը, որն այժմ Հայաստանում է, կփորձի մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և Իսլանդիայի միջև՝ համագործակցելով «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի հետ։ Համագործակցության նպատակն է մշակութային երկխոսության զարգացումը և Հայաստանում ժամանակակից արվեստի նոր դրսևորումների ներկայացումը։

«Ես սիմետրիայի սիրահար եմ, իսկ «ՀայԱրտ» կենտրոնն իր ճարտարապետությամբ ու ստեղծագործական մթնոլորտով դարձել է Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկը՝ հայկական խոհանոցից հետո։ Իմ այցի հիմնական նպատակը համագործակցություն նախաձեռնելն է, որի շրջանակում պատրաստվում եմ Ռեյկյավիկում ստեղծել հատուկ քանդակներ և տարածական արվեստի գործեր, որոնք այս տարվա աշնանը կզարդարեն «ՀայԱրտ»-ի տարածքն ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից», -նշում է Գիսլադոտիրը։

Նրան կուղեկցի իսլանդացի լեզվաբան և նրա ամուսին Թորհալյուր Իթորսոնը, որը նախատեսում է անցկացնել վարպետաց դասեր՝ խթանելով հայ-իսլանդական մշակութային երկխոսությունը։ Դասընթացները նպատակ ունեն ոչ միայն լեզվի ու մշակույթի սիրահարներին ծանոթացնել իսլանդերենի յուրահատկություններին, այլև ստեղծել միջմշակութային կապեր արվեստի միջոցով։

«ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հարությունյանի խոսքով՝ ցանկանում են «ՀայԱրտ»-ը վերածել մշակութային կենդանի հարթակի, որտեղ աշխարհով մեկ հայտնի արվեստագետներն ու մշակույթի գործիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքները, փոխանցելու փորձը և փոխգործակցելու հայ արվեստասերների հետ։Համագործակցությունը խոստանում է նոր շունչ հաղորդել երևանյան մշակութային կյանքին՝ ստեղծելով միջազգային արվեստի նոր կամուրջներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս