
Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։
Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել են՝ արդյոք առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմը և դիմադրել Ռուսաստանին։ «Մեզ համար դա շատ բարդ կլինի։ Դրա համար էլ ես այստեղ եմ։ Հենց դրա համար էի ես խոսում սպասվող բանակցությունների մասին։ Առանց ձեր օգնության դժվար կլինի։ Բայց մենք չենք կարող կորցնել մեր արժեքները, մեր մարդկանց, մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը։ Ռուսները մտել են մեր տարածքներ, մտել են մեր տներ, նրանք այնքան շատ մարդ են սպանել։ Պարզապես մոռանա՞լ սա և ասել, որ Պուտինը հրաշալի տղա է։ Ոչ, արեք դա առանց մեզ»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները լավ են հիշում լայնածավալ ներխուժման սկիզբը և չեն ցանկանում օկուպացիայի նոր ալիքի բախվել։
«Հենց դրա համար եմ ես հիմա բարձրացնում անվտանգության երաշխիքների հարցը։ Մենք ճնշում չենք գործադրում, պարզապես հարցնում ենք։ Մենք մեր գործընկերների, բարեկամների, ամերիկացիների հետ հստակ մեսիջներով ենք կիսվում։ Եթե մնում եք մեզ հետ, շնորհակալ ենք, բայց եկեք ստեղծենք անվտանգության երաշխիքների ենթակառուցվածք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկի նաև ասել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը լավ չէ կողմերից ոչ մեկի համար։