
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայի վերաբերյալ բանակցությունները ձախողելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական խոսնակ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների ձախողման պատասխանատուն Իսրայելն է։
Այս մասին նա հայտարարել է Al-Araby հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ցանկանում է վերադարձնել իր գերիներին՝ պահպանելով Գազայում ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը: Նա պնդել է, որ իսրայելցիները խուսափում են պատերազմը դադարեցնելու և իրենց զորքերը Գազայից ամբողջությամբ դուրս բերելու պարտավորությունները կատարելուց:
Ըստ Քասեմի՝ պաղեստինյան կողմի համար անընդունելի է հրադադարի առաջին փուլի երկարաձգումը Իսրայելի առաջարկած տարբերակով: Նա գտնում է, որ Իսրայելը, խառնելով խաղաքարտերը, փորձում է իրավիճակը վերադարձնել սկզբնակետին:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի առաջին փուլը պաշտոնապես ավարտվելու է այսօր, մինչդեռ կողմերը դեռ չեն համաձայնեցրել համաձայնագրի երկրորդ փուլի վերջնական պայմանները:
Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը գործում է հունվարի 19-ից: Այն հաստատվել է իսրայելցի պատանդներին պաղեստինցի կալանավորներով փոխանակելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:
Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումներն ազատ են արձակել ողջ մնացած 30 պատանդների և իսրայելական կողմին են փոխանցել 8 զոհվածների մարմինները։ Փոխարենը Իսրայելն ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների: Իսկ իսրայելական բանակը լքել է Գազայի հատվածի ներքին շրջանները:
Ներկայումս ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ է մնում 59 պատանդ: Պաշտոնական տեղեկություններով՝ նրանց գրեթե կեսն արդեն մահացել է:Կողմերի միջև համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում:
Գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները, որի արդյունքներով ենթադրվում է ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից և ազատել բոլոր պատանդներին, դեռևս պաշտոնապես չեն սկսվել: