
Ուշադրության է արժանի այն, որ Քրիստոնեա-դեմոկրատների հետ լավ հարաբերություն է ունեցել ՀՀԿ-ն. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Ի դեպ, եթե մի փոքր էլ փորձենք ուղղակի, թե անուղղակի «պրոյեկցել» Գերմանիայում ներքաղաքական ստատուս-քվոն հայաստանյան իրականության վրա, ապա այստեղ թերևս ուշադրության է արժանի այն, որ Քրիստոնեա-դեմոկրատների հետ լավ հարաբերություն է ունեցել ՀՀԿ-ն:
Այդ հարաբերությունը ՀՀԿ իշխանությունից հեռանալուց հետո դրսևորվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջոցով: Այդ հիմնադրամը Գերմանիայում գործող խոշոր երեք հիմնադրամներից մեկն է, որոնք ըստ էության հարում են այս կամ այն քաղաքական միավորին: «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրանը հարում է հենց Քրիստոնեադեմոկրատներին:
Սոցիալ-դեմոկրատներին հարող հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտն է, իսկ Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամը հարում է Կանաչներին:
Վերադառնալով ՀՀԿ- «Կոնրադ Ադենաուեր» գործակցությանը, գուցե ուշադրության է արժանի այն, որ վարչապետի պաաշտոնից հրաժարվելուց երկու ամիս անց՝ 2018-ի հուլիսին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ փոխնախագահ, այն ժամանակ դեռևս պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ Երևանում ընդունել է հիմնադրամի ռեգիոնալ տնօրենին: Ամենից ուշագրավն այն էր, որ այդ հանդիպման առնչությամբ տեղեկության մեջ նշվում էր, որ ՀՀԿ-ն «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ մշակում է կուսակցության վերափոխման ծրագիր: Այդ ժամանակ քրիստոնեադեմոկրատները Գերմանիայում դեռևս իշխանության էին:
Թե ինչ եղավ այդ ծրագիրը, հետագայում կարծես թե տեղեկություններ չկան:
Մեկ անգամ էլ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ Երևանում հանդիպել է 2022 թվականի ապրիլին, երբ Գերմանիայում կառավարող ուժն արդեն ոցիալ-դեմոկրատներն էին, իսկ քրիստոնեադեմոկրատները՝ ընդդիմություն: ՀՀկ գրասենյակում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։ Ի դեպ, հաղորդագրության մեջ նշվում էր նաև, թե հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ մոտեցումները Արցախի հարցի վերաբերյալ:
Այս տեղեկությունները, պարզապես ի գիտություն, ընթերցանության համար, ում կհետաքրքրի՝ Գերմանիայում տեղի ունեցած արտահերթ ընտրության ու դրա արդյունքի ֆոնին»: