
Մա՛մ, մենք էլ իրար չենք տեսնի. Ադելինա Ավետիսյանը՝ որդու հետ զրույցի մասին
«2020թ․ Տիգրանը 18 տարեկան էր։ Նա ու ավագ որդիս Ջաբրայիլում էին ծառայում։ Պատերազմը սկսվելուն պես որդիներս իրարից բաժանված են եղել՝ տարբեր ուղղություններով են նրանց տեղափոխել, ամուսինս էլ էր Ջաբրայիլում։ Ես մնացել էի նկուղում 2 շաբաթ։ Տիգրանից 2 շաբաթ բացարձակ տեղեկություն չունեինք։ Ինքն իր սպայի հետ է եղել, ում կյանքը փրկելու համար վիրավորվել էր։
Իրենք փրկել էին Ջրականի մատուռի խաչն ու պետական խորհրդանիշը։ Ու դրանք 2 շաբաթ եղել են Տիգրանի ուսապարկում։ Հոկտեմբերի 8-ին զանգել է ամուսնուս, ով 35 տարվա զինվորական է, ասել է, որ մոլորվել են, հայրն էլ հեռախոսով ուղղություն է ցույց տվել, ասել է՝ ոնց դուրս գան ու գնան Հադրութ… Այնտեղ էլ հենց որդիներս հանդիպում են միմյանց։ Հետո բաժանվել են, գնացել տարբեր ուղղություններով»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի մեկօրյա պատերազմում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։
Մոր խոսքով՝ որդին վիրավորվում է, շարք վերադառնում, ու երբ ծառայության ավարտին մնում է 115 օր, առանց իրենց ասելու, պայմանագիր է կնքում զինվորական ծառայությունը շարունակելու համար։
«Ես ինքս բնիկ արցախցի չեմ, ծնվել եմ Երևանում, ապրել Սանկտ Պետերբուրգում, ամուսնացել, ապրել եմ Մոսկվայում։ Իսկ Տիգրանն արդեն ծնվել է Ստեփանակերտում, բայց ես իմ զավակների մեջ միշտ սերմանել եմ հայրենասիրություն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Տիգրանը երակների բաց վիրահատություն էր տարել, առողջական խնդիրներ ուներ, բայց դա էլ նրան հետ չպահեց։ Նրան հնարավոր չէր կանգնեցնել… Ես բլոկադայի ժամանակ Երևանում էի, սրտիս հետ կապված խնդիրներ ունեի ու մնացի այդպես Երևանում ողջ շրջափակման ընթացքում։
Ես մուտք չունեի Արցախ, Ադրբեջանն ինձ արգելել էր մտնել Արցախ (ցուցակներ էին տվել, թե ովքեր չեն կարող մուտք գործել), որովհետև բարձրաստիճան սպայի կին էի։ Վերջին անգամ որ Տիգրանս ինձ զանգեց, ասաց. «Մամ, ես ոնց նայում եմ, մենք էլ իրար չենք տեսնի․ քեզ չեն թողնում՝ գաս Արցախ, ես էլ չեմ կարող գալ»,- ասաց Ադելինա Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: