Տաջիկստանն ու Ղրղըզստանն ավարտել են սահմանազատումը

Տաջիկստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները նախօրեին Բիշքեկում ստորագրել են երկու երկրների սահմանների դելիմիտացիայի մասին արձանագրությունը։

980 կիլոմետր ընդհանուր երկարությամբ սահմանի դելիմիտացիայի մասին փաստաթղթի տակ ստորագրել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը և նրա ղրղըզ պաշտոնակից Կամչիբեկ Թաշիևը։

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի խոսքով՝ առաջիկայում փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները կդնեն նաև երկու երկրների արտգործնախարարները, որից հետո արձանագրությունը վավերացման նպատակով կներկայացվի Տաջիկստանի և Ղրղըզստանի խորհրդարանների դատին։

«Օրենսդիրների կողմից վավերացումից հետո կմեկնարկի սահմանագծման գործընթացը, որն, ըստ ամենայնի, կշարունակվի ևս երկու տարի», – ըստ «Ազատության»՝ նշել է Ժապարովը։

Վերջին տարիներին տաջիկաղրղըզական սահմանի հստակեցումն ուղեկցվում էր բախումներով։ 2014 թվականից ի վեր, երկու երկրների միջև առնվազն տասը լուրջ ընդհարում է տեղի ունեցել, այդ թվում՝ կանոնավոր բանակային ստորաբաժանումների ներգրավմամբ։

Տեսանյութեր

Լրահոս