Գյումրիում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող օգնել. Գյումրիում հնարավոր է Վանաձորի սցենարի կրկնությունը. Սուրեն Սուրենյանց

Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ու նրան հարող որոշ ուժերի կողմից արդեն իսկ թիրախավորվում են ընտրություններին հայտ ներկայացրած որոշ անձինք։

Ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվել է մարտի 5-ը։

Այս պահին Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված ՔՊ-ն ներկայացնող Սարիկ Մինասյանը, և, ինչպես նախապես հայտարարվել էր, ընտրություններում նա կգլխավորի ՔՊ-ի ցուցակը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վստահ է՝ Գյումրիում սպասվում է թեժ պայքար, ավելին՝ ՔՊ-ն որքան էլ փորձեր անի՝ այդ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունի։

Կարդացեք նաև

«Սպասվում են մրցակցային ընտրություններ, քանի որ քաղաքական գրեթե ողջ ներկապնակը, ուղղակի կամ անուղղակի, մասնակցում է այդ ընտրություններին։ Ենթադրում եմ, որ մասնակիցների թիվը կգերազանցի մեկ տասնյակը։

Այս պահի խճանկարում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող ՔՊ-ին օգնել։ Այստեղ, սակայն, մեկ բայց կա, եթե իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, այսպես ասած՝ նվեր չմատուցեն ՔՊ-ին, այսինքն՝ իշխանության հետ սեպարատ համաձայնությունների չգնան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա, երեք առաջարկ են արել, որ այս ընտրություններում ՔՊ-ի հետ որևէ մեկը չհամագործակցի, ընտրությունների ընթացքում միմյանց չհարվածեն, և ավագանիում այն ուժերը, որոնք կհաղթեն՝ կոնսոլիդացվեն կենսունակ ու հաղթող թեկնածուի շուրջ։

«Մինչև այս պահը ես դեռևս չեմ տեսել, որ ընդդիմադիր որևէ ուժ այս ամենը խախտի։ Երբ ասում եմ՝ ՔՊ, պսևդոարևմտամետներին էլ հետը նկատի ունեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք Գյումրիում կարող է կրկնվել Վանաձորի սցենարը, երբ ընդդիմադիր թեկնածուն հաղթեց, հետո իշխանությունը նրան ձերբակալեց, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց՝ հնարավոր է։

«Քանի որ մենք ևս այս ընտրություններին մասնակցում ենք, ապա հայտարարում եմ՝ եթե ՔՊ-ն փորձի Գյումրիում իրականացնել Վանաձորի սցենարը, ապա, անկախ մեր հավաքած ձայների տոկոսից, այդ սցենարը չենք հանդուրժի՝ տեղում կցուցադրենք դիմադրություն։ Հասարակության կամարտահայտության խմբագրումն անընդունելի եմ համարում։ Ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ կամայական հարկադրանքի մեխանիզմը ես համարելու եմ մարտահրավեր՝ նաև մեր թիմին ուղղված»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։

Տեսանյութեր

Լրահոս