
«Տո այ գեղացի, փողոցային, որտեղի՞ց եկար, ընկար ջեբներս. ընկել են խեղճ ժողովրդի ջանին. ուզում են ժողովրդին գռփեն ու փախնեն». Հարցում
Փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գույքահարկի բարձրացման վերաբերյալ հարցին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է, որ տան գինն էլ է բարձրացել, իսկ եթե բարձր գույքահարկը Կենտրոնի բնակիչը չի կարող վճարել, ապա կարող է տունը տալ վարձով, իսկ ինքը գնա ծայրամասում վարձով ապրելու։
«Եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և դա ձեզ շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան դուք պատկերացնում եք։ Հիմա այստեղ քննարկվում է, ասում են՝ բայց դե, մարդը տունը չի վաճառում, ինքը դա չի զգում, ես էլ ասում եմ՝ այստեղ ես կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես 2005 թվականին ձեռք եմ բերել բնակարան և ես նախորդ տարի իմ բնակարանը, մեր բնակարանը, այն դե յուրե իմը չէ, վաճառել ենք մեր ձեռք բերած գնից մոտավորապես 3 անգամ ավելի թանկ։ Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք։ Այսինքն՝ բարձր գույքահարկը նշանակում է իր գույքի արժեքի բարձրացում։ Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։ Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ փորձեց լսել քաղաքացիների կարծիքը։ Թեև նրանց մեծ մասը խուսափում էր տեսախցիկի առաջ երևալ, սակայն տեսախցիկից դուրս բոլորը խորհուրդ էին տալիս Նիկոլ Փաշինյանին՝ տեղափոխվել Իջևան և այնտեղ ապրել, իրենց էլ հանգիստ թողնել։
Հարցումներին մասնակցած շատ մարդիկ էլ, երբ լսում էին Նիկոլ Փաշինյանի անունը, խնդրում էին այդ անունն այլևս չտալ։
Մեր զրուցակից ազատամարտիկներից մեկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ժողովրդի ալան-թալանով։
«Եթե Նիկոլ Փաշինյանը գույքահարկը բարձրացնում է 400.000 դրամով, թող թոշակներն էլ բարձրացնի 4 մլն-ով։ Եկել-մտել են ժողովրդի ջեբը, թալանում են։
Ժողովրդին են թալանում, գումարն իրենց մի գրպանից վերցնում, դնում են մյուս գրպանը, ոչ թե ժողովրդի գրպանն են դնում։ 93 տարեկան մարդ կա, 52.000 դրամ թոշակ է ստանում, հիմա 400.000 դրամ գույքահարկ որտեղի՞ց տա, թողնի՝ գնա գյո՞ւղ, տո այ գեղացի, փողոցայիններ, որտեղի՞ց եկաք, ընկաք ջեբներս։
Ազատամարտիկներին վերացրեցին, հիմա էլ ընկել են խեղճ ժողովրդի ջանին։ Ավտոբուս են թանկացնում, խաբեություն համար առաջին՝ սրանք ուզում են ժողովրդին գռփեն ու փախնեն, Հայաստանն էլ արդեն հանել են վաճառքի։ Ձեններս կտրած մնացինք, արդեն հերիք է»,- զայրացած ասաց մեր զրուցակիցը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ եթե Կենտրոնում տուն ունենար, ստիպված վարձով կտար, որպեսզի այդքան բարձր գույքահարկ չվճարեր։
Վրաստանից Հայաստան եկած մեր հայրենակիցներից մեկն էլ դժգոհեց Հայաստանում տիրող թանկացումներից՝ ասելով, որ Վրաստանում է ապրում, մեկ ամիս է՝ եկել է Հայաստան, նկատել է, որ ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում մեծ թանկացումներ են։
«Բա ինքը Երևանում ինչո՞ւ չի վաճառում իր տունը ու գնա գյուղում ապրի։ Գլուխը պատին է տալիս՝ նման բան է ասում»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին։
Քաղաքացիներից մեկն էլ հեգնեց՝ «Անպայման կգնան ծայրամասում ապրելու», մյուս քաղաքացին էլ մեջբերեց Վիլյամ Շեքսպիրի խոսքերը.
«Աշխարհը բեմ է, ժողովուրդը՝ հանդիսատես»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում