
Արայիկ Հարությունյանը 3 ամիս առաջ է ուզել հրաժարական տալ. Փաշինյանը գիտեր. ի՞նչ հեղաշրջում. Քոչարյան
«Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Գրեթե ամեն օր էին խոսում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օրը մի քանի անգամ: Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունյանն սկսել է քննարկել մոտ երեք ամիս՝ մինչև Ղարաբաղի անկումը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, դա երրորդ փորձն էր հրաժարականի՝ Արայիկ Հարությունյանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանի հիմնավորումն այն է եղել, որ այլևս ազդեցություն չունի, խոսքը տեղ չի հասնում, չի ձգում, խնդիր կա, իր հրաժարականը ճիշտ է, հրաժարական է տալիս. «Ամեն անգամ Բակո Սահակյանը և մի քանի հոգի համոզում էին Արայիկ Հարությունյանին դա չանել: Վերջին անգամ ինքն արդեն հավաքել և հայտարարել է, որ մեկ է, անելու է, հրաժարական է տալու, սա քննարկման հարց չէ, և ինքն առաջարկում է ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանությունը ստանձնել Ղարաբաղում: Սա էր վիճակը: Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք միգուցե պատրաստ կլինեն ստանձնել իշխանությունը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր: Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ»:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ժամանակ մի քանի հեռախոսազրույց է ունեցել. «Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինձ պատմում էին հետևյալը, որ Արայիկ Հարությունյանն այդքանն ասել է նաև Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ, և նա շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում: Ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը: Նաև այդ հարցն էր հնչում, թե ես ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին: Ես Սամվել Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում: Ինձ խնդրել են իմ ընկերները Ղարաբաղում, որ այս մարդը համաձայնել է այս ծանր իրավիճակում պարտավորություն ստանձնել, դրել է իր ուսերի վրա, ինձ խնդրել են, որ ես անպայման շնորհավորեմ, ինչ-որ տեղ աջակցություն ցուցաբերեմ: Միգուցե, մի քիչ դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարելու համար: Սա է եղել: Եվ այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում