
Չի կարելի սոցիալական դաշտը հանձնել հերթական դեմագոգներին և պոպուլիստներին. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 5-րդ
«Ի՞նչ կանխատեսումներ ունեք ներքաղաքական զարգացումների մասով։ Ի նկատի ունեմ ոչ թե սոցիալական դժգոհությունները, թանկացումները կամ Գյումրու ընտրությունները, այլ իշխանափոխությունն ու Նիկոլի հեռացումը»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Ակնհայտ է, որ զայրույթի և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր շերտերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է:
Այո՛, ազգը հոգնել է, զզվում է, տառապում է Նիկոլից: Սա վաղուց ակնհայտ է: Բայց նույնքան իրականություն է, որ 2-րդ, 3-րդ, 4-րդ և այլ տեղերում գտնվող ուժերը նույնպես չունեն բավարար աջակցություն իրավիճակն իրենց ձեռքը վերցնելու համար:
Վտանգավոր եմ համարում նաև սոցիալական և ազգային օրակարգերի հակադրումը։ Չի կարելի սոցիալական դաշտը հանձնել հերթական դեմագոգներին և պոպուլիստներին։
Ընդունված է ընդդիմությունից «ծրագիր պահանջել»։ Այս թեմային ավելի մանրամասն առանձին կանդրադառնամ։ Հիմա շեշտեմ, որ, ցավոք, մեր ժողովուրդն ավելի շատ անձնակենտրոն է, քան ծրագրակենտրոն: Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»:
Որքան էլ բացատրենք, որ քաղաքական սերը կուրացնում է և խլացնում, մեկ է, հասարակության զգալի մասը փրկիչ է սպասում կամ փնտրում հերթական մեսիային՝ այսպիսով դարպաս բացելով նոր աֆերիստների, ավանտյուրիստների և ստախոսների համար:
Լուծումը խարիզմայի և պրոֆեսիոնալիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Մաքուր «դերասանները» կործանում են երկիրը: Բայց օսլայաօձիք «պրոֆեսիոնալները» պիտի ավելի հրապուրիչ ու հասկանալի դառնան»։
Մանրամասները՝ տեսանյութում: