
369 պաղեստինցի բանտարկյալ կազատվի իսրայելական բանտերից 3 պատանդի դիմաց

Փոխանակման գործարքի շրջանակներում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից երեք պատանդի ազատ արձակվելուց հետո ազատ կարձակվեն ցմահ դատապարտված 36 պաղեստինցի բանտարկյալ և 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածից ձերբակալված 333 բանտարկյալ։
Այս մասին հայտարարել է պաղեստինցի բանտարկյալների հարցերով տեղեկատվական գրասենյակը։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Ալ-Քասսամ» բրիգադների խոսնակ Աբու Օբեյդան հայտարարել է, որ փետրվարի 15-ին ազատ կարձակվի երեք պատանդ՝ Ալեքսանդր Տրուբնովը, Սագի Դեկել Հան, Յաիր Հորնը։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր պատանդների փոխանակման հետաձգման մասին՝ կոչ անելով իսրայելական ուժերին կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր վերսկսել պատերազմը Գազայի հատվածում, եթե գերիների փոխանակման գործընթացը չվերսկսվի մինչև փետրվարի 15-ի կեսօրը։
Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին՝ ավերիչ պատերազմի սկսվելուց ավելի քան 15 ամիս անց, և նախատեսում է Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակումը՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։