«Սա իշխանությունների վախի, տագնապի վայնասունն է. ժողովուրդն ապստամբելու է, որովհետև ստորացմանն այլևս չի դիմանում». Հուսիկ Արա

Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախի հանձնման մեղքն իրենցից հեռացնել՝ փորձելով մե՛կ մեղադրել նախկին իշխանություններին, մե՛կ արցախահայերին, որ «չեն կռվել»։

Օրերս խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ արցախահայերը չպետք է Արցախից դուրս գային, պետք է մնային ու կռվեին։ Թեպետ Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի արցախահայերի հերոսական դրվագների մասին վկայությունները բազմաթիվ են։

Բանաստեղծ Հուսիկ Արան Ալեն Սիմոնյանի և առհասարակ իշխանությունների այսբովանդակ հայտարարությունները բնորոշում է միայն մեկ բառով՝ վայնասուն։

«Թող մեծամիտ չհնչի, բայց ինձ նման մարդուն, որն ինչ-որ ճանապարհ է անցել, վիրավորական է, որ Ալենի նման մեկի հայտարարությունը մեկնաբանի։ Բայց այդ անձն իմ երկրում պաշտոն է զբաղեցում, ու սա անմիջապես մեզ՝ բոլորիս է առնչվում։ Այս մարդիկ ամբողջը ոչնչացրել են՝ Արցախում իրենց վարած քաղաքականության արդյունքում տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն։

Կարդացեք նաև

Ի վերջո, բոլորս ենք տեսել, չէ՞, արցախահայերն ինչպես են կռվել շրջափակման պայմաններում, նրանց որևէ օգնություն չի տրամադրվել։ Արցախահայերին ոչ թե մենք չենք օգնել, այլ Հայաստանի իշխանությունը, նա դավաճանել է արցախահայերին։ Հիմա իրենց արածներն արդարացնելու համար փորձում են ազատագրվել այդ պատասխանատվությունից, այն արյունից, որը թափվել է»,- 168.amի հետ զրույցում նշեց Հուսիկ Արան։

Նա վստահ է՝ իշխանություններին ոչինչ չի կարող «մաքրել ու լվանալ» իրենց գործած մեղքերից։

«Իրենք հանցագործություն են կատարել, բայց գոռում են, թե՝ դա մենք չենք. սա վախի, տագնապի վայնասունն է։ Մենք վայնասուն չենք բարձրացնում, որովհետև հանցագործություն չենք կատարել, բայց իրենք բարձրացնում են, որովհետև իրենց արածն է»,- շեշտեց բանաստեղծը։

Հուսիկ Արան ընդգծեց՝ «Եռաբլուրը» հայ ազգի սրբավայրն է, և որևէ մեկն իրավունք չունի սուրբ նահատակների հասցեին որևէ խոսք ասելու։

«Իրենց արածն Աստվածանարգ բան է։ Հիշո՞ւմ եք, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նա թքել է հայոց պետականության վրա, ուստի պետք է հրաժարական տա, բայց այդ հրաժարականը չեղավ։ Երեկ նույնիսկ տեսանք, թե ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ինչպես էր նրան պաշտպանում։

Հիմա պետք է լիներ այդ հրաժարականը, բայց սրանք չեն գնում, կառչած մնում են իրենց աթոռներին։ Սակայն ժողովուրդն ընդվզելու է, որովհետև այս վիճակը մարդկանց դուր չի գալիս։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն ուզի՝ ինձ կհեռացնի, ես էլ ասում եմ՝ ժողովուրդն ուզում է և կհեռացնի, որովհետև, ինչպես ասում են՝ լինելու է ըմբոստություն, ապստամբություն, գուցե առանց ղեկավարների։ Հենց ժողովուրդն է անելու, ամենամեծ դատաստանն է լինելու, որովհետև այս ստորացմանն այլևս չի դիմանում»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Տեսանյութեր

Լրահոս