![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ. Կոբախիձե
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Kobaxidze-4.jpg)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի ևս չորս տարի մինչև բանակցությունների մեկնարկը, Կոբախիձեն պատասխանել է, որ դա կախված է Եվրամիությունից:
«Այժմ այս որոշումը պետք է կայացնի Եվրոպական միությունը: Մենք պատրաստ ենք սրան։ Միաժամանակ, մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդպես երկիրն ավելի մեծ առաջընթացի կհասնի… ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահերից։ Սպասենք, տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի»,- ասել է Կոբախիձեն։
Նա չի բացատրել, թե ինչպես է կառավարությունը դրական ազդակներ ուղարկում ԵՄ-ին, սակայն նշել է հաջող տնտեսական զարգացումն ու կայունությունը:
Ավելի վաղ, Կոբախիձեն որպես բանակցությունների պայման նշել էր պաշտոնական Թբիլիսիի նկատմամբ Բրյուսելի մոտեցման փոփոխությունը։ Կոբախիձեն նաև ասել է, որ հարաբերությունների աննախադեպ ճգնաժամի համար «մեղավոր են եվրոպացի չինովնիկները»։
Մեկ շաբաթ առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Թբիլիսիում խաղաղ ցույցի ժամանակ ցուցարարների ձերբակալությունը և ասել, որ «Վրաստանը չի արդարացնում որևէ ակնկալիք՝ որպես թեկնածու երկիր»։ Որպես պատժամիջոց՝ Եվրամիությունը կասեցրել է վրացական ծառայողական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։
Երկուսուկես ամիս առաջ Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը՝ «շանտաժի հնարավորությունը վերացնելու համար»։ Դրանից հետո Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացվում։