![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի և Պուտինի միջև ընթանալու է կոշտ սակարկություն, վճարողը լինելու է Ուկրաինան․ Հակոբ Բադալյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Hakob-Badalyan-6.jpg)
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Զելենսկուն իհարկե պարտադրվելու է որևէ լուծում: Ըստ էության առավելագույն հարցը կամ «պրեֆերենցիան», որ նա կարող է ստանալ, կլինի իր անվտանգությունը:
Ուշադրությունից դուրս մնաց մի այց՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի այցը Կիև: Դա տեղի է ունենում փաստորեն Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի նախօրեին:
Ֆինանսների նախարարի այցը ունի թերևս մի նպատակ՝ Զելենսկու առաջ դնել ամերիկյան օգնության հաշվապահությունը, սևով ու սպիտակով:
Մի քանի օր առաջ էի անդրադարձել ուկրաինական կարգավորման հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Կելոգի հայտարարությանը, որը ասել էր, որ կոպեկ առ կոպեկ տեղյակ են, թե ինչ է եղել, ուր է գնացել Ուկրաինային տրամադրված գրեթե 200 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունը:
Իհարկե իրավիճակը դեռ պետք չէ գնահատել այնպես, կարծես կանգնել է ուկրաինական պատերազմը կամ վաղը կանգնելու է: Իրականում, Թրամփի և Պուտինի միջև ընթանալու է թերևս բավականին կոշտ սակարկություն: Բայց, ըստ էության երկու դեպքում էլ վճարողը լինելու է Ուկրաինան:
Ընդ որում, բոլորովին բացառելի չէ այն, որ Թրամփի և Պուտինի միջև որոշ պայմանավորվածություններ հարկ լինի իրագործել հենց ռազմական գործողությունների շարունակության միջոցով:
Այս ամենի ֆոնին վերստին հիշում եմ, թե ինչպես կարող էին Հայաստանում հնչել կարծիքներ, թե՝ «ինքնիշխանության համար մենք պետք է կանգ չառնենք անգամ ուկրաինական ճանապարհի առաջ»: Ընդ որում, այդ կարծիքները կարող են ունենալ տասնյակ, հարյուր հազար հավանումներ:
Իհարկե ինքս համոզված եմ, որ այդուհանդերձ դրանց մեծ մասը եթե տարատեսակ բոտերով պտտվող հաշվիչներ չեն, ապա որպես սպառող՝ Հայաստանի հանրապետությունից դուրս են:
Խորապես համոզված եմ, որ Հայաստանի հանրության մեծամասնությունն այդ իմաստով բոլոր դեպքերում բավականին ողջախոհ դատողության կրող է»: