![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Putin3.png)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այդ առումով ընդգծվել է երկրում կայուն կարգավորման և միջսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնո-դավանական խմբերի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Նա նաև հաջողություն է մաղթել ալ-Շարաային՝ Սիրիայի նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել նման շփումները ապագայում։ Զրույցը կառուցողական էր, գործնական և բովանդակալից, եզրակացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։