Բաժիններ՝

ԱՄՆ-ում հերթական դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանը

ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատավորը չորեքշաբթի համազգային կարգադրություն է հրապարակել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանի, որի նպատակն է սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքները, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակված Մերիլենդի շրջանային դատարանի դատավոր Դեբորա Բորդմանը քննել է շահույթ չհետապնդող երկու կազմակերպությունների հարուցած գործը, որոնք ներկայացնում են ներգաղթյալների և հինգ հղի կանանց շահերը: Նրանք իրենց երեխաների հայրերի հետ ապրում են ԱՄՆ-ում՝ առանց իրավական կարգավիճակի։

«Այսօր ԱՄՆ-ի հողում ծնված գրեթե յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ԱՄՆ քաղաքացի է: Սա մեր երկրի օրենքն ու ավանդույթն է։ Այս օրենքն ու ավանդույթն ուժի մեջ են այնքան ժամանակ, քանի դեռ այս գործը չի լուծվել», – ասել է Բորդմանը։

Սա Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելուն ուղղված հրամանն արգելափակող ամերիկյան երկրորդ դատարանն է։

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Սիեթլում դաշնային դատավորը 14-օրյա արգելանք էր մտցրել:

Հրամանում, որը Թրամփն ստորագրել է իր պաշտոնավարման առաջին օրը, ասվում է, որ դաշնային կառավարությունը քաղաքացիության փաստաթղթեր չի ճանաչի և չի տրամադրի փետրվարի 19-ից հետո ծնված որևէ երեխայի ծնողներին, ովքեր երկրում են առանց համապատասխան թույլտվության կամ եթե ծնողը գտնվում է Միացյալ Նահանգներում ժամանակավոր վիզայով, և փետրվարի 19-ից հետո ծնված երեխան քաղաքացիություն չի ունենա, եթե մյուս ծնողը ԱՄՆ քաղաքացիություն չունի կամ գրին քարտ է շահել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս