Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։
«Օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանությունում, որ ծեծկռտուք է եղել Քաջարանում, և ոստիկաններն անմիջապես օպերատիվ տեղեկությունն իրացրել են, նշված վայր են մեկնել, նաև կանխել են հետագա զարգացումները։ Այս պահին ութ բերման ենթարկված կա»,-«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կոմբինատի արհմիությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով տարածվող լուրերին կոմբինատի որոշ աշխատակիցների կողմից գործադուլ իրականացնելու մասին։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը: «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»: