Ինքնիշխան երկրի ղեկավարը վազելով գնում է թուրքական տուն ու Էրդողանի գիրքը դնում է կրծքի՞ն․ Շարմազանով
«Պատկերացնո՞ւմ եք մի ինքնիշխանություն, որի գլխավոր պաշտոնյաներից մեկը ձեզ հետ զրույցում ասում է՝ Արցախ, հետո միանգամից ասում է՝ վայ, ու ասում է՝ Ղարաբաղ, հանկարծ Ալիևը չջղայնանա: Դուք պատկերացնո՞ւմ եք ինքնիշխանություն, որտեղ Արարատ լեռը, Արևմտյան Հայաստանը, մեր Անկախության հռչակագիրը համարեն պրոբլեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք մի ինքնիշխանություն, որը վախենում է պատասխանել Ալիևին, որը մեղադրում է Հայաստանին՝ 30 տարի ֆաշիստական պետություն լինելու մեջ:
Ֆաշիզմը դա մեծագույն հանցագործություն է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեր իշխանության օրոք մեկը դրա 5 տոկոսի բան ասեր մեզ, մենք ինչ կերպ կպատասխանեինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա շարունակեց իր հարցադրումները՝ ինքնիշխան երկրի տարածքն օկուպացված է լինո՞ւմ, ինքնիշխան երկիրը խաղաղություն է մուրո՞ւմ. «Ինքնիշխան երկրի ղեկավարը վազելով գնում է Նյու Յորք՝ թուրքական տուն, և Էրդողանի գիրքը դնում է կրծքի՞ն:
Ինքնիշխան երկրի ղեկավարն ասում է՝ Արցախը Ադրբեջա՞ն է: Ինքնիշխան երկրի ղեկավարը, որը Սահմանադրությամբ ունի պարտավորություն պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, ասում է՝ ես չեմ խառնվո՞ւմ, կամ կանգնում հայտարարում է, որ էթնիկ զտման վտանգ չկա՞: Ինքնիշխան երկրի ղեկավարը GPS-ով հայրենիք է հանձնո՞ւմ…»:
Ըստ հանրապետական գործչի՝ վերոշարադրյալը ոչ թե ինքնիշխանություն է, այլ մուրացկանություն։
Հարցին, թե, այդուհանդերձ, դիվերսիֆիկացիա հնարավոր չէ՞, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․
«Ո՞րն է դիվերսիֆիկացիա՝ Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանա՞լը։ Դիվերսիֆիկացիա կլիներ, եթե ԵՄ դիտորդների հետ լինեին նաև ՀԱՊԿ դիտորդներ»։
Արձագանքին, թե Նիկոլ Փաշինյանը պնդում են՝ ՀԱՊԿ-ը ՀՀ սամանները չի ճանաչում, քաղաքական գործիչը հակադարձեց․ «Ինքը ճանաչո՞ւմ է, որ ՀԱՊԿ-ը ճանաչի․ Նիկոլ Փաշինյանը չի՞ ասել՝ ՀՀ-ն կադաստրի վկայական չունի»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում