Անկախ նրանից՝ ինչ են բանակցել Մեղրին Հայաստանի մասն է, Արցախը՝ ոչ. լրագրողը Փաշինյանին

«Անկախ նրանից, թե ինչ են բանակցել, Մեղրին հիմա Հայաստանի մաս է, Արցախը՝ ոչ»,-այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանին ասաց լրագրողը, ապա հետաքրքրվեց՝ Ալիևը երեք պահանջ է ներկայացնում Հայաստանին, որոնցից մեկը ԵԱՀԿ ՄԽ լուծարումն է, ինչին Փաշինյանը համաձայնել է, երկրորդ պահանջը սահմանադրական փոփոխությունն է, երրորդը՝ առաքված զենքի վերադարձին են վերաբերում, արդյո՞ք ընդունելի է առաքված զենքի վերադարձը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ. «Ինչ որ մի տեղ որոշվել է, որ ես էսօր ասուլիս տամ: Ես որոշել եմ, որ ես էսօր ասուլիս տամ: Հետո ինչ-որ մեկը զանգել է ձեր լրատվամիջոցին, ասել, որ ասուլիս ենք անում: Հետո որոշվել է տեղը և ժամը, հետո այն, ինչ քննարկվել է, դարձել է իրողություն: Բա իմ գրառումը, որը բանավեճի տեղիք էր տվել, դրա մասին էր: Ասում էի՝ այս ամբողջ պատմությունն այն չէ, ինչը հիմա դուք էլ ընկալում եք, այլ ուրիշ բանի մասին է: Ձեր հարցի կոնտեքստում, ինչո՞ւ է այդ նյութն իրարանցում առաջացրել ՀՀ-ում: Դա 1999-ի իրադարձություն է, ո՞ւմ է հետաքրքիր: Դա կանխորոշել է հետագա իրադարձությունները: Բայց դրանից առաջ էլ են եղել իրադարձություններ, որ կանխորոշել են հետագա իրադարձությունները»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում արձագանքել է բոլոր այն կետերին, որոնք նշում է լրագրողը:

«Եթե ԵԱՀԿ ՄԽ լուծարումը նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը: Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություն ունենա: Նման հիմքեր կան. հենց Արևմտյան Ադրբեջան խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականության առնվազն 60 տոկոսը»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ՀՀ տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան:

Կարդացեք նաև

«Այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա ՀՀ համար քննարկելի չէ մի պարզ պատճառով, որովհետև չի կարող ՀՀ-ն որևէ մեկին հրավիրել քննարկման, ասի՝ եկեք քննարկենք մեր տարածքային ամբողջականությունը: Չի կարող նման բան լինել: Եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, դա էլ է քրեական հանցագործություն: Այս ֆոնին կամ նույնիսկ առանց այդ ֆոնի  ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալ. Բանակ ունենալը ցանկացած ինքնիշխան պետության իրավունքն է: Արդյո՞ք մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ. ո՛չ: Ավելին, ես հրապարակային ասել եմ և ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ ՀՀ բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն է, ուրիշ խնդիր չունի և չի ունենալու»,-նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի բանակը չի պատրաստվում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը վերականգնել. «Հայաստանի բանակը նման խնդիր չունի և չի ունենալու, որովհետև արդեն ունենք սահմանազատման ստորագրված, վավերացված իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը պարտադիր է և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի համար, որտեղ ասվում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանզատման բազային սկզբունքը Ալմա Աթայի հռչակագիրն է»:

Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Վրաստանի հետ հնարավոր տարածքային վեճին, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԽՍՀՄ սահմաններով որևէ տարածքային վեճ դառնում է անհնար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս