«Բանակը, որն ունեինք, կարող էր ապրիլյան պատերազմի նման՝ 44-օրյա պատերազմն էլ 3 օրում հետ մղել. եթե երկիրը մնաց այս փնթի «պալիտիկների» հույսին, ամեն ինչ կորցնելու ենք». Աշոտ Սևյան
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանի կարծիքով՝ 33-ամյա պատմություն ունեցող հայոց բանակը բոլոր հնարավորություններն ունի վերականգնելու նախկին փառքը, իսկ դրա համար պետք է բանակի շարքեր վերադառնան այն սպաները, որոնք այսօրվա իշխանությունների ձեռքով հեռացվեցին բանակից։
«Այս իշխանությունը բանակից հեռացրեց բոլոր այն սպաներին, որոնք ունեին մեծ փորձառություն, պատերազմ էին հաղթել։ Հիմա հերթով պետք է այդ մարդկանց վերադարձնեն բանակի շարքեր։
Մենք ունեցել են մարտունակ բանակ, և այսօր այնպես չէ, որ այդ բանակից բան չի մնացել, ուղղակի կարգին հրամանատարներ չկան։ Կատարող զինվորը կա, կարգին հրամանատարը, հաշվարկները չկան։ Ճիշտ է, այսօր հաղթանակած զինվորը մի քիչ կոտրված է, բայց բավական է մի կարգին հրամանատար գա, ու վերջ՝ նախկին փառքն էլ, մարտունակությունն էլ մի օրում կվերականգնվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը՝ խոսելով հայոց բանակի մասին։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը մեծ ցանկություն ունի ոչնչացնելու բանակը, բայց չի կարողանում, հիմքերը ամուր են դրվել։
«Իհարկե, մեր բանակում եղել են թերություններ, բացթողումներ, բայց այդ նույն բանակով մենք 2016 թվականի ապրիլյան պատերազմ ենք հաղթել։ Բանակը, որը մենք ունեինք, կարող էր ապրիլյան պատերազմի նման՝ 44-օրյա պատերազմն էլ 3 օրում հետ մղել։ Կարող էր այնպիսի «նագրուզկա» տար, որ ադրբեջանցիները 3-րդ օրը հետ կանգնեին իրենց սկսած պատերազմից, չարեցին։
Իսկ իշխանությունները, որ ասում են, թե ապրիլյանը չենք հաղթել, զուտ քարոզչություն է, դե, այդպես է իրենց ձեռնտու, այդպես են անում։ Բոլորս էլ գիտենք, որ ապրիլյանի ժամանակ Մանվել Գրիգորյանը վաղ առավոտից արդեն Արցախում էր, այն ժամանակ հավատ կար, զինվորին ղեկավարության կողմից «պադերժկա» կար։ Սրանք եկան Մանվել Գրիգորյանին դարձեցին «տուշոնկի գող», բայց մարդիկ երանի են տալու Մանվել Գրիգորյանի նման մարդու ունենալու համար»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Վերհիշելով 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի հատվածում տեսածը, Աշոտ Սևյանն ասաց, որ եթե ղեկավարությունը 18-20 տարեկան երեխաներին աջակցեր ու միայնակ չթողներ, Ջրականի գիծը կպահվեր, քանի որ 10 օրից ավելի նրանք դիմադրում էին թշնամու մեծաթիվ զորքին։
«Այդ երեխեքը կռվում էին 4-5 պետության ահաբեկիչների դեմ, սա մասնագետները լավ կհասկանան, թե ինչ է նշանակում։ Պատմությունը մի օր այս մասին գրելու է, թե ինչպես է եղել դավաճանությունը, շատ չեմ ուզում մանրամասնեմ։
Բայց ես մեկ բան հստակ գիտեմ՝ Նիկոլն այսպես շարունակելու դեպքում, Հայաստանն արժանացնելու է Արցախի ճակատագրին։
Ես մեր բանակին սպարապետ Վազգեն Սարգսյանի նման մի պատվախնդիր, հզոր տղա եմ մաղթում, ընկերներիս էլ խելք ու միտք՝ մեկ անգամ էլ ոտքի կանգնենք ու գնանք պատերազմ։
Այս կռիվը չի ավարտվել ու մի օր պիտի ավարտվի, Ալիևն ու Նիկոլը հաշվարկ են արել՝ Արցախը տվել ու վերջացրել են։ Բայց այդպես չէ, այս պատերազմը մի օր էլի բռնվելու է, ու դա լինելու է եկող սերնդի հաշվին, դրա համար հիմա է պետք սրա վերջը դնել»։ Մեր զոհված տղերքի ոխը մի օր պիտի դուրս գա, իրենք ծնող ունեն, եղբայր ու ընկեր ունեն, այսպես չեն թողնելու։
Այնպես չէ, որ Նիկոլի կինն ասաց՝ զինվորները հանուն ոչնչի են զոհվել, սաղս կուլ տվեցինք, անցանք առաջ։ Միևնույն է, կռիվը մի օր լինելու է, Վազգենը ժամանակին ասում էր՝ ավելի լավ է ինձ ասեն՝ տարածքներ գրավող, քան՝ դասալիք։ Հիմա այս իշխանության մեջ մի նորմալ տղամարդ չկա, իրենց արածը սրա-նրա վրա են բարդում, արա՛, դուք տղամարդ չե՞ք, որ կանգնեք ձեր արածի պատասխանը տաք»,- ընդգծեց ազատամարտիկը։
Այս համատեքստում նա նաև շեշտեց, որ հայրենիք, արժանապատվություն կորցնելն արդեն ազգի համար կարծես թե դարձել է բնավորություն, դրա համար, երբ տարածք են հանձնում, ազգը ոտքի չի կանգնում, երբ իշխանությունները մտնում են իրենց գրպանը՝ սկսում են բողոքել։
«Մեզ զինվորական դիկտատոր է պետք, թե չէ՝ եթե երկիրը մնաց այս փնթի «պալիտիկների» հույսին, ամեն ինչ կորցնելու ենք»,- նշեց մեր զրուցակիցը։