Կան տվյալներ, որ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել էր, որ նա հարձակվի Արցախի վրա, ու այդպես հանձնեն Արցախը. սա դավաճանություն է. Ալբերտ Բազեյան
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կարծիքով՝ այս տարի հնարավոր է լինելու հեռացնել գործող իշխանությանը։
«Այս տարի համախմբելու ենք մեր բոլոր առողջ, ազգային, քաղաքական ուժերին, ոտքի ենք հանելու ժողովրդին ու հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը։ Մի իշխանություն, որ չունի ազգային արժեքներ ու պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր հայ ժողովրդին և գոտեպնդել զավակներ կորցրած ծնողներին, որովհետև նրա տիկինը հայտարարեց, որ նրանք զոհվել են ոչնչի համար։ Ոչնչությունն իրե՛նք են։ Ովքեր զոհվել են, զոհվել են հանուն հայրենիքի»,- «Եռաբլուր»-ում` պատասխանելով լրագրողների հարցերին նշեց Բազեյանը՝ շեշտելով, որ մեր ժողովրդի գլխավոր երաշխավորը Հայոց ազգային բանակն է։
Նա հիշեցրեց, որ 1994թ. կնքվեց զինադադարի համաձայնագիրը, և Արցախի հետ մեկտեղ ունեինք ավելի քան 42.000 քառ. կմ տարածք, այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունենք ընդամենը 29.700 քառ. կմ տարածք։
«ԽՍՀՄ–ի ժամանակ Հայաստանն ուներ 29.800 քառ. կմ տարածք, այսինքն` Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել նաև 60 քառ. կմ ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր, որտեղ թուրքերը եկել, նստել են, ու մեր արևելյան բնակավայրերը գրեթե բոլորը կրակի տակ են»,- ասաց Բազեյանը։