«Սա Հայոց Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու,ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է». Էդուարդ Աբրահմյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով, «մենք Հայոց Ցեղասպանությանն էլ պետքա վերադառնանք։ Մենք պետքա հասկանանք, թե ի՞նչա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նցա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնցա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվելա։»
Սա հայոց մեջ Հայոց Ցեղասպանության փաստը, (և հետևաբար Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, ժխտողականության արմատներ գցելու և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժաբնապատվության լրջագույն խնդիր ունեն։
Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց Ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվի անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինի Հայաստանի Հանրապետությունում։ Համարվի հանցակցություն։
Ուստի ես՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ օրենքի ընդունում ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև»։