Եթե Փաշինյանը գոնե մի փոքր կրթված լիներ, ապա կիմանար, որ 1939 թվին Ցեղասպանություն հասկացություն, որպես իրավական տերմին, գոյություն չուներ. Կարպիս Փաշոյան
Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս։ Ինչո՞ւ 1939 թ․-ին Ցեղասպանության հարց չկար օրակարգում, իսկ 1959 թ․-ին կար։ Հետո ավելացնում է, որ պետք է հասկանանք, թե ով է կառավարում մեր ինքնությունը։ Այսինքն, ակնարկում է, որ Ցեղասպանության հարցը մեր ինքնության մեջ արհեստականորեն ներդրել է Սովետական Միությունը։
Իհարկե Սովետական Միությունը լրջագույն դերակատարություն ունի միջազգային հարաբերություններում Ցեղասպանության հարցի ակտիվացման և սովետահայերի գիտակցության մեջ այն արթնացնելու գործում։ Ամենայն հավանականությամբ սա էլ կապված է ՍՍՀՄ-Թուրքիա լարված հարաբերությունների հետ։
Բայց նույնիսկ եթե այս ամենը արձանագրում ենք, արդյունքում ի՞նչ է դուրս գալիս։ Փաստորեն ըստ Փաշինյանի ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել և սովետն է այդ հարցը հնարել աշխարհաքաղաքական իր շահերը սպասարկելու նպատակով։
Եթե Փաշինյանը գոնե մի փոքր կրթված լիներ, ապա կիմանար, որ 1939 թ․-ին միջազգային հարաբերություններում Ցեղասպանություն հասկացություն որպես իրավական տերմին գոյություն չուներ։ Այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ աշխարհամարտից հետո Նյուրնբերգյան դատավարության ընթացքում։ Դրանից առաջ եզրույթը զուտ նկարագրողական նշանակություն ուներ։ Պետք է նաև հաշվի առնել այն իրողությունը, որ մինչև Երկրորդ աշխարհամարտը մարդկությունը, միջազգային հանրությունը առանձնապես հետաքրքրված էլ չէին համանման հարցերի քննարկմամբ։
Բայց սա էլ թողնենք մի կողմ։ Ստալինյան ամբողջատիրության, սոսկալի բռնաճնշումների պայմաններում սովետահայերը ինչպե՞ս կարող էին այդպիսի հարցերի մասին դատողություններ անել։ Փաշինյանը գոնե գիտի, թե Սովետական Հայաստան տեղափոխված արևմտահայերն ու սփյուռքահայերը ինչ սոսկալի բռնությունների ու հետապնդումների են ենթարկվել այստեղ։
Գալով նախնական թեմային՝ Մոսկվան բնականաբար շահարկել է Ցեղասպանության հարցը, այլ ոչ թե արհեստականորեն ներդրել մեր ինքնության մեջ։ Պետք է հաշվի առնել նաև, որ Ցեղասպանության հարցը սովետահայերի միջավայրում ակտիվացել է հատկապես խրուշչովյան Ձնհալի պայմաններում, երբ ՍՍՀՄ-ը թոթափել էր Ստալինյան ծանրագույն լուծը՝ ներքաշվելով ազատականացման ժամանակավոր շրջափուլի մեջ։ Այսինքն, Ցեղասպանության հուշարձանի տեղադրումը նաև ներքևից թելադվրած անհրաժեշտություն էր։
Փաստորեն Սովետին պետք է քննադատել ոչ թե Ցեղասպանության հարցը վերակենդանացնելու, այլ չորս տասնամյակ բռնություններով այն մոռացության մատնելու համար։ Սովետի հետ, թե առանց, միևնույն է, այդ հարցը որևէ պարագայում անհնար էր չեզոքացնել»։