«Սահմանազատումը կսկսվի հյուսիսից. սա ձեռքբերում է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, շեշտելով՝ «խաղաղության պայմանագրում» ՀՀ սահմանադրության մասին կետ չկա և նման քննարկում գոյություն չունի։

«Մնացած 2 կետերը, որոնց մասին Բայրամովն ասել է՝ քննարկումները կշարունակվեն, և ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որոնք պետք է քննարկվեն։

Դուք հիշո՞ւմ եք՝ մենք ինչից էինք սկսում. նոյեմբերի 9-ից հետո ակնկալվում էր նոր պատերազմ, նոր իրադարձություններ, և մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել ու հասնել նրան, որ արդեն ունենք համաձայնեցված կետեր։

Սա մեծ հաղթանակ է երկու կողմերի համար, երկու պետությունների միջև ունենք առաջին կնքված իրավական փաստաթուղթը։ Առաջին անգամ ունենք դեմարկացված սահման, ունենք համաձայնություն, տրամաբանություն այդ սահմանին գործընթացը շարունակելու։ Սրանք բաներ են, որոնց հետ հաշվի չնստելն ուղղակի անհնար է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ նա գործընթացները դրական համարեց՝ ողջունելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե կա ևս 2 կետ, որոնց վերաբերյալ դեռ պետք է քննարկումներ լինի։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրում ներառվի նաև կետ՝ գերիների վերադարձի առնչությամբ, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ նման կետի ներառում այս պահի դրությամբ չի տեսնում, որովհետև այն առանձին հարց է, որով անընդհատ զբաղվում են։

«Գերիների հետ կապված եկեք հասկանանք, թե ի՞նչ ունենք։ Մենք 150-ից ավելի հաստատված գերիներ ունեինք, իսկ հիմա ունենք 23 հաստատված գերի, որոնցից 11-ն Արցախի ռազաքաղաքական ղեկավարությունն է։ Այս համատեքստում մի բան ասեմ՝ մեր հայրենակիցները սխալ ձևակերպում են անում, Բաքվում գտնվող հայերին ասելով՝ քաղբանտարկյալ, կարող են ասել՝ պատանդներ, ռազմագերիներ, բայց ոչ՝ քաղբանտարկյալներ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են, այդ փաստաթղթում ֆիքսված է, որ «անկլավների» հարց չկա։

«Մենք «անկլավների» քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, կա Արծվաշենը, և որևէ խնդիր չենք տեսնում որևէ փուլում այդ քննարկումը սկսելու։ Չեմ կարծում, թե սա օրակարգային ինչ-որ հարց է, որի շուրջ մենք պետք է անհանգստանանք կամ որևէ մտավախություն ունենանք։ Մշտապես ասել ենք, որ կարևոր է, որպեսզի բոլոր այդ տարածքների հետ կապված իրավական փաստաթղթավորում լինի։

Սահմանազատումը կսկսվի հյուսիսից մինչև ներքև»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս