
Վրաստանում պետաշխատողները շարունակում են լքել պաշտոնները

Վրաստանի պետական հատվածի աշխատողները շարունակում են լքել պաշտոնները. ըստ aliq.ge-ի՝ այս անգամ պաշտոնը լքելու մասին են հայտնել Արչիլ Ջավելիձեն և Ռևազ Կակուլիան:
Ջավելիձեն Անձնական տվյալների պաշտպանության ծառայության աշխատակից էր, որտեղ աշխատել է 9 տարի. աշխատանքից հեռանալու մասին գրել է Facebook սոցիալական ցանցում: «Որքան էլ դժվար է, այսօր այլ կերպ չեմ պատկերացնում»,- գրել է Ջավելիձեն:
Նա ասել է՝ իր կամքով է թողել պաշտոնը, հեռանալու պատճառը պետական ծառայություններում սկսված վերակազմավորումը չէ: Այս փուլում այլ պարզաբանումներ չի տվել:
Կակուլիան ղեկավարում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության եվրաինտեգրման վարչությունը, հրաժարականի մասին գրել է սոցիալական ցանցերում: Տեքստը, որտեղ նա գրում է նախարարությունից հեռանալու մասին, աջակցում է եվրաինտեգրմանը։ Ըստ նրա՝ 12 տարի ծառայել է եվրաինտեգրմանը: «Առաքելությունը չի ավարտվել: Ուր էլ որ լինեմ, ինչ էլ անեմ, ծառայելու եմ Վրաստանին»,- գրել է Կակուլիան: