Նիկոլ Փաշինյանի՝ «Մեր ժամանակների հերոսին» պատկանող բիզնեսը կառավարության որոշմամբ ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր վերջին՝ հունվարի 16-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԿԱՌՄԻԼԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի կողմից ներկայացված չզեկուցվող փաթեթի՝ այս ընկերության կողմից ներմուծվող հումքով և սարքավորումներով նախատեսվում է վերանորոգել, կահավորել և վերազինել Վանաձորում գործող մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրամասը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․8 մլն դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 596 հազար դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել 6 ամիսը։
Ընկերությունը գործում է 1996 թվականից, իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ պատկանում է Լուսինե և Միքայել Բարաթյաններին։
Լուսինե Բարաթյանը, ի դեպ, նաև անհատ ձեռնարկատեր է և իր «Լուսիա Ֆուդ» բրենդով դարձյալ զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ։
Ի դեպ, Լուսինե Բարաթյանի գործունեությանը, մինչև կառավարության այս որոշումը, անդրադարձել է անձամբ Նիկոլ Փաշինյանը․ Լուսինե Բարաթյանը դեռ 2020 թվականի սեպտեմբերին դարձել էր Փաշինյանի՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության 13 հերոսներից մեկը։
Ավելի ուշ նա իր ԱՁ-ով արդեն Քովիդ 19 միջոցառման շրջանակներում հրատապ մեկ անձից գնման եղանակով միլիոնավոր դրամների մի քանի պայմանագրեր էր կնքել Էկոնոմիկայի նախարարության հետ՝ սննդի մատուցման ծառայություններ իրականացնելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին։
«ԿԱՌՄԻԼԱՆ» ՍՊԸ-ի մասին
Այս ընկերության մասին ևս ավելի վաղ հրապարակումներ էին եղել լրատվամիջոցներում։ Դեռ 2023 թվականին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում էին անցկացրել «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, արտադրամասի առանձին գործառույթը՝ «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել էր և տրվել էր ժամանակ խախտումները վերացնելու համար:
2024 թվականին արդեն իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չէին հայտնաբերել: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Տավարի կոտլետ» մսամթերքի արտադրության կասեցումը վերացվել էր։