Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները՝ կոչ անելով ԱՄՆ պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակարգի դեմ։
Այս մասին նշված է Դինա Տիտուսի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«18 հայ քաղբանտարկյալներ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո»,-նշել է Տիտուսը։
Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է Բաքվի դատարանում մեկնարկած ապօրինի ու շինծու գործընթացները և կոչ արել ԱՄՆ պետքարտուղարությանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
«Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,-գրել է նա։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալաների նկատմամբ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։