
Գայի պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից և հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։