Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որն Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ն և Կատարը ստորագրել են Գազայում հրադադարի համաձայնագիրը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, ԱՄՆ-ի և Կատարի կողմից Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում են The Jerusalem Post-ը և The Times of Israel-ը։ Այժմ Նեթանյահուն պետք է հավաքի կառավարության անդամներին՝ համաձայնագրերը հաստատելու համար։
«Նեթանյահուն հրամայել է ռազմաքաղաքական կաբինետի նիստ գումարել, իսկ հետո՝ կառավարության նիստ՝ համաձայնագիրը հաստատելու համար», – ասվում է JP հոդվածում:
Այսօր ավելի վաղ Axios-ը հայտնել էր Դոհայում համապատասխան համաձայնագրի պաշտոնական ստորագրման մասին։
Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին երեկ պաշտոնապես հայտարարել էր Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։
Նա նշել էր, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։
Reuters-ը հայտնում է, որ «Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:
Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո»: