
Սա հօդս է ցնդելու հունվարի 21-ին. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե դեմ չեք, մի փոքր դասագրքային խոսենք:
Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայցնում Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական «փորձագետները»:
Մինչդեռ՝
1. միջազգային հարաբերություններում ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է հստակ ձևավորված ու գործող իրավապայմանագրային բազա,
2. ռազմավարական հարաբերությունների հաստատմանը նախորդում է բանակցային գործընթաց՝ աշխատանքային բանակցություններից մինչև առաջին դեմքերի միջև անցկացվող (հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը),
3. ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվում է երկրի առաջին դեմքի կողմից, մնացած բոլոր դեպքերում գործ ունենք երկրորդական նշանակության փաստաթղթի հետ (կանոնադրություն, հուշագիր և այլն),
4. երկրի առաջին դեմքերի կողմից ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բացառապես այդ երկրների օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո:
Երևանի ու ԱՄՆ հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն այս իմաստով ունի բացառապես քաղտեխնոլոգիական, խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն: Այն հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին, երբ ԱՄՆ 47-րդ նախագահն արդեն դե-յուրե սահմանի իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները:
Իսկ եթե այս առումով կասկածներ ունեք, հիշեք, թե ինչ կարևոր միջազգային համաձայնագրերից ու պայմանագրերից է հետ կանչել ԱՄՆ ստորագրությունը Թրամփն իր առաջին նախագահության տարիներին (կլիմայի մասին Փարիզի համաձայնագիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ և այլն)»: