Երբ միջազգային կազմակերպություններում հիմա էլ խոսում եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, մեզ ուղիղ ասում են՝ Հայաստանի իշխանություններն ասում են՝ այդ հարցը փակված է, մեզնից ի՞նչ եք ուզում. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանն ի՞նչ արեց Լաչինի միջանցքը շրջափակելուց առաջ․․․ Պայթեցրեցին գազատարը, հայկական կողմից ռեակցիա չեղավ, որևէ արձագանք չեղավ նաև միջազգային, արևմտյան շրջանակներից։ Հետո եղավ Փարուխի օպերացիան, ռուսական կողմն ընդվզեց, արևմտյան կողմը ողջունեց։ Հետո եղավ Դրմբոնի օպերացիան, էլի ռեակցիա չեղավ։ Հետո դեկտեմբերի 3-ին եղավ Շուշիի օպերացիան, էլի ոչ մի արձագանք, ու դեկտեմբերի 12-ին միանգամից մտան էկոլոգիական կեղծ ակտիվիստները, մի քանի ամիս մնացին, հետո ապրիլի 23-ին դրեցին անցակետը։ Դրանից հետո դադարեցվեցին մատակարարումներն անգամ «Կարմիր խաչի» կողմից, հետո եղավ սեպտեմբերի 19-ը։ Ալիևը ստուգեց կարմիր գծերը, ստուգեց ռեակցիաներ, այդ թվում՝ միջազգային հանրության, ռիսկերը կառավարեց. համոզված եմ՝ Ալիևի որոշ քայլերը համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ… հետո եղավ այն, ինչ եղավ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ գլխավոր մեղավորը Փաշինյանն է, որովհետև ինքն է խաբել ժողովրդին։

«Երբ միջազգային կազմակերպություններում հիմա էլ խոսում եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, մեզ ուղիղ ասում են՝ Հայաստանի իշխանություններն այլ կարծիք ունեն, նրանք ասում են՝ այդ հարցը մեզ համար փակված է։ Մինչև մենք այստեղ այդ հարցը չլուծենք, միջազգային ատյաններում ոչնչի չենք կարողանալու հասնել։ Մեր գլխավոր խնդիրը Երևանում է։ Քանի Փաշինյանն է իշխանության, ով համարում է, որ լավ բան է արել, ոչ մի լավ բան չի լինելու մեզ համար»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախի պետնախարարը նկատեց, որ 2022թ. բլոկադան Ցեղասպանության նախերգանք էր:

Կարդացեք նաև

«Մինչև 2023թ․ մարտի վերջ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանություն իրականացնել, և միջազգային հանրությունը պետք է կանխի դա։ Նույնիսկ մարտի 15-ին կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարին հանձնարարեց ՄԱԿ-ին տեղեկացնել, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում։ Ինքը դա ցուցադրաբար անելով՝ ապագայի համար իրեն ապահովագրում էր։ Նախ, Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ին, և ապրիլից Փաշինյանի խոսույթը փոխվեց։ Ցեղասպանություն ձևակերպումը սարքեց էթնիկ զտում, մինչև սեպտեմբերի 21-ը։ Երբ Ադրբեջանն արդեն մտել էր Արցախ, ինքը հայտարարեց, որ որևէ էթնիկ զտման վտանգ չկա, ու Բայրամովը ՄԱԿ-ի ԱԽ նիստում հենց Նիկոլ Փաշինյանի այդ խոսքին հղում արեց։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե ինքն ասում էր՝ էթնիկ զտման վտանգ կա, ինչո՞ւ էր այդ օրերին Ադրբեջանի մաս ճանաչում Արցախը։ Արդյո՞ք ինքը սրանով ցեղասպանություն իրականացնողի աջակից չի դառնում»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս