Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք»
Վրաստանին հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից, սակայն երկրում խաղաղության պահպանման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասվում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։
«Վրաց ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար: Խաղաղության համար պայքարը շարունակվում է, և այդ պայքարը պետք է ավարտին հասցվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Իշխող կուսակցությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ քանի դեռ Ուկրաինայում կռիվը շարունակվում է, Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու շահագրգռվածություն միշտ կլինի։ Այս կապակցությամբ կուսակցության քաղխորհուրդն ընդգծել է, որ Վրաստանի ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ գոյատևելու համար։
«Վրացական երազանք»-ի հայտարարությունում անդրադարձ կա նաև այսպես կոչված ԱՄՆ «խորքային պետությանը»։ Վրաստանի իշխանությունները վստահ են, որ աշխարհում, ինչպես նաև Ուկրաինայում առկա ճգնաժամային իրավիճակները «խորքային պետության» գործողությունների հետևանք են։