Հայաստանը կանգնած է կամ նոր պшտերшզմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան

Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։

Ֆեյսբուքի էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը․

«Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է: Այդ խնդիրը նրանք լուծում են երկարաժամկետ և հաշվարկված, փուլային ճանապարհով, ամեն փուլում նոր զիջումներ կորզելով Հայաստանում իշխող կապիտուլացիոն վարչախմբից։ Գործող վարչախումբը՝ կազմալուծելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը և փաստացի հրաժարվելով դիմադրությունից, մինչ այժմ իր կողմից վարած քաղաքականությամբ միայն խրախուսել է թշնամու այս վարքագիծն և աճող ախորժակները։

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Նոր պատերազմի այն պատրաստ չի, և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել «խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։

Իրական խաղաղության համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, և որքան ուժեղ, միասնական և վճռական լինենք մենք, այնքան թշնամու ախորժակները կնվազեն, պատերազմի հավանականությունը՝ ևս։ Մեր երկիրը անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի։ Եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, մի օր պետք է հաղթահարենք մեր բոլոր կասկածները, ներքին տարաձայնությունները, անձնական հավակնությունները, ազատվենք այս վարչախմբի կործանարար, բթացնող ազդեցությունից, ինքներս պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի կառավարման համար, և դուրս բերենք այն անկման և կորուստների այս արատավոր շրջանից։

Այդ պահը մոտենում է, մինչ այդ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ բեռի սեփական մասը ստանձնել, և համագործակցել բոլոր առողջ անհատների և ուժերի հետ՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից ի վերջո դուրս բերելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս