![](/banners/BeFunky-design.jpg)
Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել» են իրենց ձեռքերն ու արտոնել Ալևին. Հակոբ Բադալյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/Hakob-Badalyan-2-1.jpg)
Հակոբ Բադալյանը գրում է. «Ադրբեջանի նախագահին անհանգստացնող մեկ այլ հանգամանք է հունվարի 17-ին Իրանի նախագահի այցը Ռուսաստան, որտեղ մասնավորապես կարող է ստորագրվել ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրման դեպքում, այն ունենալու է էական նշանակություն ոչ միայն Կովկասի, այլ աշխարհաքաղաքական ամբողջ խաղատախտակի համար:
Բնականաբար, Կովկասի առնչությամբ այն կլինի Ալիևին կաշկանդող էական գործոն: Ընդգծեմ՝ խոսքը ոչ թե բացարձակության մասին, այլ՝ էականության: Այդուհանդերձ, նախ, ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը նշանակելու է, որ Ադրբեջանը չկարողացավ կատարել այն ձախողելու իր վրա դրված եվրաատլանտյան պարտավորությունը:
Եթե Մոսկվայում ստորագրվի պայմանագիրը, ապա դա լինելու է Իլհամ Ալիեւի ձախողումը: 2020 թվականին նա հաջողել է Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացման «առաջադրանքի» հարցում: Այո, որքան էլ Հայաստանում տարածված «նորաձևություն» է պնդումը, որ 2020 թվականի պատերազմը ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր, այդուհանդերձ ես շարունակում եմ արտահայտել իմ այն կարծիքը, որ ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր դրա ավարտը, այլ ոչ թե սկիզբը:
Հաջորդ երեք տարին ըստ էության եղել է մի իրավիճակ, երբ ռուսները քայլ առ քայլ հետ են մղվել նաեւ այդ պայմանավորվածություններից:
Ալիևի ստացած նոր լայն առաջադրանքը եղել է ռուս-իրանական համաձայնագրի տապալումը: Դրա համար պետք է ռազմական գործողություն Հայաստանի նկատմամբ: Իսկ դա արդեն նույնքան կանխատեսելի չէ ռազմական հավասարակշռության առումով, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այո, զուտ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ներուժը Ալիևին թույլ է տալիս հավակնել հաղթանակի: Բայց, այստեղ արդեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ:
Եվ բանը նաեւ այն չէ, թե Ադրբեջանին դա թույլ չի տալիս Արևմուտքը: Չկա Արևմուտք որպես այդպիսին: Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել»են իրենց ձեռքերն ու արտոնել Ալևին: Կան ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, որոնք ունեն հիմնավորապես տարբեր պատկերացումներ, շահեր ու խնդիրներ:
Տվյալ պարագայում, Բրիտանիան ու Ֆրանսիան թերևս բավականին անհանգստացած են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորված լինել ռուս-իրանական պայմանագրի հարցում: Հետևենք»: