Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել
Նոր Օռլեանի պայթյունի մեջ կասկածվող անձը երկու ռումբ է տեղադրել հարձակման վայրում, որոնք անհայտ պատճառով չեն պայթել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոի տվյալները։
Դրանից առաջ պարբերականը հայտնել էր, որ Նոր Օռլեանում ահաբեկչության մեջ կասկածվող 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարը իր տանը ստեղծել էր արհեստանոց` ռումբեր պատրաստելու համար:
«Տղամարդը, ով նոր տարվա սկզբին պիկապ մեքենայով մտել էր Նոր Օռլեանի մարդաշատ փողոց, ծրագրել էր օգտագործել հաղորդիչը՝ երկու պայթուցիկ սարքերն ակտիվացնելու համար, որոնք նա դրել էր հարձակման վայրից ոչ հեռու» – գրել է պարբերականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում ամենագնացը մխրճվել էր Ամանորը տոնող մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հատված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով: Ուստի, Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել: