Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ամբողջությամբ խզված են. Էրդողանի աշխատակազմ

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են, դրանք բարելավելու համար Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկել, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ:

Մի շարք իսրայելական, ապա նաև թուրքական ԶԼՄ-ներում արտատպումներով տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար իբր Էրդողանը կապ է հաստատել Իսրայելի վարչակազմի հետ:

«Խոսք չի կարող լինել այն մասին, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Իսրայելի իշխանություններին։ Իսրայելական ԶԼՄ-ների լուրերում, որոնք այս մեղադրանքների համար հիմք են հանդիսացել, առաջ են քաշվել անհիմն պնդումներ այն մասին, թե «Թուրքիան ՑԱԽԱԼ-ի և անվտանգության ստորաբաժանումների հետ կապ է հաստատել»: Մյուս կողմից, պարզվել է, որ Թուրքիայում որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել են այս անհիմն պնդումը՝ գրելով, թե «Էրդողանը զանգահարել է Իսրայել», – ասվում է հայտարարության մեջ:

Էրդողանի աշխատակազմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Գազայում Իսրայելի ցեղասպանության հետևանքով» Թուրքիայի և Իսրայելի կապերն ամբողջությամբ խզվել են: Բացի այդ, նշվում է, որ հարաբերությունների բարելավման ուղղությամբ հետագայում քայլեր չեն ձեռնարկվել:

Տեսանյութեր

Լրահոս