ԱՀԿ ղեկավարը Իսրայելին գրոհները Գազայի հատվածի հիվանդանոցների դեմ դադարեցնելու կոչ է արել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի գրոհները Գազայի հատվածի հիվանդանոցների դեմ դադարեցնելու կոչ է արել։
«Հիվանդանոցները Գազայում կրկին դարձել են մարտական գործողությունների ասպարեզ, եւ առողջապահության համակարգը լուրջ սպառնալիքի տակ է»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրենը Х սոցցանցում։
«Կրկնում ենք՝ դադարեցրեք հարձակումները հիվանդանոցների վրա։ Գազայի բնակիչները կարիք ունեն առողջապահական խնամքի հասանելիության։ Հումանիտար ոլորտի աշխատողները պետք է բժշկական օգնություն տրամադրելու հասանելիություն ունենան: Դադարեցրեք կրակը»,- ավելացրել է նա։
Իսրայելական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները կիրակի օրը Գազա քաղաքի «Ալ-Վաֆա» հիվանդանոցի վրա իրականացված հարձակման թիրախ են դարձել, որի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, հայտնել է Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությունը:
Իսրայելական զորքերը նաեւ ձերբակալել են ավելի քան 240 պաղեստինցիների ուրբաթ օրը, այդ թվում՝ «Քամալ Ադվան» հիվանդանոցի տասնյակ բուժաշխատողների, նաեւ նրա տնօրեն Հուսամ Աբու Սաֆիային:
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հիվանդանոցն օգտագործվում է որպես ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունների հրամանատարական կենտրոն, իսկ ձերբակալվածները զինյալներ են: Նրանք ասել են, որ Աբու Սաֆիային տարել են հարցաքննության, քանի որ կասկածում էին, որ նա ՀԱՄԱՍ-ի զինյալ է։
Թեդրոսը, որն անցյալ շաբաթ հայտնվել էր Եմենի գլխավոր օդանավակայանին հասցված իսրայելական հարվածի տակ, ինչը, ըստ նրա, կարող էր իր մահվան պատճառ դառնալ, կոչ է արել անհապաղ ազատ արձակել Աբու Սաֆիային եւ ասել է, որ գրոհի է ենթարկվել նաեւ «Ալ-Ահլի» հիվանդանոցը:
Նա տեղեկացրել է, որ ԱՀԿ-ն եւ գործընկերները հիմնական բժշկական պարագաներ, սնունդ եւ ջուր են հասցրել Գազայում գտնվող ինդոնեզական հիվանդանոց եւ 10 ծանր պացիենտներին տեղափոխել են «Ալ Շիֆա» հիվանդանոց: Նրա խոսքով՝ տեղափոխման ժամանակ չորս պացիենտ բերման է ենթարկվել։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին ապահովել նրանց առողջապահական կարիքների բավարարումը եւ հարգել նրանց իրավունքները»,- ասել է Թեդրոսը: