Ամեն ինչ թանկ է, ի՞նչ Ամանոր՝ օրով ենք ապրում. Հարցում
Երկրում առկա թանկացումները, սոցիալական տարբեր խնդիրներն ու անվտանգային հարցերը հայ հանրության շրջանում առաջացրել են տրամադրության անկում, ուստի նախկին ոգևորությունը չկա ամանորյա պատրաստություններ տեսնելու և նշելու համար։
168.am–ի իրականացրած հարցման մասնակից շատ քաղաքացիներ նշեցին, որ մեծ տրամադրությամբ չեն պատրաստվում Ամանորին, թոշակառուներն էլ ասացին՝ եթե ինչ-որ չափով պատրաստվում են Ամանորին, ապա միայն երեխաներին ուրախացնելու համար։
Նշեմ, որ քաղաքացիներից հետաքրքրվել էինք՝ նախապատրաստվո՞ւմ են Ամանորին, որքա՞ն բյուջե են նախատեսել ամանորյա գնումների համար։
«Դեռ որևէ բան չեմ կարող ասել, ոչինչ չեմ նախատեսել ու դեռ չեմ սպասում Ամանորի գալուն, օրով եմ ապրում։ Ամեն ինչ թանկ է՝ սննդից սկսած, ինքս որևէ բարելավում դեռևս չեմ տեսնում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Երկու թոշակառու քաղաքացիներ նշեցին, որ ամանորյա ծախսերն իրենք չեն անում, քանի որ չնչին թոշակ են ստանում, բոլոր ծախսերն անում են իրենց տղաները։
«Երբ էլ ուտես ու խմես՝ Ամանոր է, բայց առաջվանը չի։ Առաջ ուրախ էր, գնում, նվագում էինք, հիմա՝ ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին։ Հիմա երկու բաժակ խմում ու քնում ենք։ Լավ է եղել 40-50 տարի առաջ, հիմա այդ ուրախությունը չկա»,- նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, թե Ամանորին սկսում է նախօրոք նախապատրաստվել։
«Ի վերջո, դա ավանդույթ է, ինչ-որ մի միջոցառում է, որը բոլորիս ընտանիքներին է վերաբերում։ Տղայիս ու աղջկաս ընտանիքներն են այդ ծախսերն անում, դե, մենք էլ մասնակցում ենք, չեն ասում, թե ինչքան բյուջե են նախատեսել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Ինձ երկու տղաներս են պահում, Ամանորի ամբողջ ծախսն իրենք են անում։ Ինքս թոշակառու եմ, ես չեմ անում, չգիտեմ՝ ինչ ասեմ՝ լավ կլինի, էլի»,- ասաց մեր զրուցակիցը։
Արցախից բռնի տեղահանված թոշակառու մի կին էլ նշեց, որ Արցախից հետո որևէ տոն տոնի նման չէ, քանի որ արցախահայերը դարձել են «բոմժեր», ի՞նչ տոնի մասին է խոսքը։
«Մեր թոշակը գրոշ է, դրանով Նոր տարի ո՞նց անենք»,- հարցման մասնակից թոշակառու կանանցից մեկն էլ այսպես պատասխանեց մեր հարցին՝ հավելելով, որ ամանորյա ծախսերը թողել է որդիների վրա։
«Ամանոր անում ենք, բայց ոչ խոզի բդով ու հնդկահավով»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում