Ավինյանն «ապշած է»` ինչ գներով են իր համար ԱՄՆ մեկնելու տոմս գնել. կփոխհատուցի ողջ գումարը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ իր թռիչքի ծախսերը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Ավինյանը:
«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ:
Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասաց նա:
Ավինյանը խնդրեց նաև դուրս բերել՝ որ կետից են հաստատել, որ պետք է մեկնեն, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել:
«Ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց ինձ։
Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։