
Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ (6:0)։ Խաղից հետո «ներաձուրիի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ապագա ծրագերերի մասին։
«Կարծում եմ՝ սա կարևոր խաղ էր մեզ համար: Մենք դասեր էինք քաղել «Բայերի» դեմ խաղից, վերլուծել էինք տեղի ունեցածը և պատրաստ ենք հաղթելու այս երեկո: Մենք խաղում ենք երկու, երեք, նույնիսկ չորս մրցաշարում։ Իտալիայի գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ, Ա Սերիա և Չեմպիոնների լիգա։
Մենք խաղում ենք բոլորում հաղթելու համար: Չեմ կարող ասել, որ կհաղթենք յուրաքանչյուր խաղում 100 տոկոսով, բայց մեր գլխավոր նպատակը դա է։ Մենք ցանկանում ենք հնարավորինս հեռու գնալ»,- ասել է Մխիթարյանը DAZN_IT-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Լացիոյի» դեմ խաղում ընթացիկ մրցաշրջանում կատարեց իր 4-րդ գոլային փոխանցումը։