
Պայքարն ավելի է դժվարանում. Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կարծիքով աշխարհի առաջնությունում այժմ պայքարն ավելի է թեժանում:
«Չեմ կարող ասել, թե ինչ տպավորություններ ունեմ, քանի որ նոր-նոր եմ վերադառնում աշխարհի առաջնությունից: Պայքարն ավելի է դժվարանում, հիմա ոսկու գինն ավելի քաղցր է: Ավելի շատ ջանք ու եռանդ պիտի դնենք, որ ոսկին միշտ Հայաստան բերենք: Օլիմպիական խաղերից հետո հանգստի չգնացինք: Մարզումները շարունակել ենք և որքան հնարավոր էր բարձրացրել եմ իմ մինչ այս գրանցած արդյունքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի նորընծա չեմպիոնը:
Ըստ Լալայանի, երկար տարիներ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է մեկ մարդ և հիմա ժամանակն է, որ այն կրեն նաև այլոք:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայիների պայքարում աշխարհի չեմպիոն ունի: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 206, 211 և 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում պահեց 245 և 252 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2024 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է: