Իշխանափոխությունից հետո ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել ՔՊ-ի գործունեությունը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 5-րդ

«Գիտեմ, որ այս հարցը հռետորական է հնչում այս պահին, բայց այնուամենայնիվ։ Իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ՔՊ-ի ապագան»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. 

Կարդացեք նաև

«Այս պահին, այո՛, հարցը խիստ տեսական է, բայց առիթ ունեցել եմ դրան անդրադառնալու։ Կարճ հիշեցնեմ առաջարկս։

1. ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից:

Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:

5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ:

Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ: Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս