Ինչպե՞ս է Սիրիայի նոր իշխանությունը վերաբերվում հայ համայնքին. «Զարթոնքի» խմբագիր
Սիրիահայերի շրջանում զգուշավոր լավատեսություն կա Սիրիայի նոր իշխանության հետ հարաբերությունների առումով, բայց կա նաև ըմբռնում, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Բեյրութում լույս տեսնող «Զարթոնք» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Սիրիայի նոր առաջնորդներն այժմ ակտիվորեն փորձում են իրենց քաղաքական «ռեբրենդինգն» անել՝ երբեմնի արմատականներից վերածվելով համեմատաբար «լիբերալ» իշխանության։ Նոր իշխանությունները նաև որոշակի կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններում»,– ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ Սիրայի նոր իշխանությունների մոտիվացիան միանգամայն հասկանալի է. նրանք ցանկանում են ճանաչում տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների, այդ թվում՝ Արևմտյան երկրների կողմից։
«Թե որքան երկար կշարունակվի Սիրիայում ներկայիս «ազատականացումը», դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է` ներկայիս «հալոցքը» չի կարող երկար տևել։ Եվ համապատասխանաբար հայ համայնքը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործի այս բարենպաստ ժամանակահատվածը ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ես չեմ կարծում, որ Սիրիայի ներքաղաքական խաղաղությունը կարող է երկար տևել»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով Ասադի վարչակարգի տապալման պատճառներին՝ Հակոբյանն ասաց, որ այդ սցենարից հնարավոր կլիներ խուսափել, եթե իշխանությունները սոցիալ–տնտեսական և քաղաքական նվազագույն բարեփոխումներ իրականացնեին: Ըստ նրա` ռուսական ռազմական աջակցության շնորհիվ Ասադը մնաց իշխանության, և նա ժամանակ ուներ վերափոխումներ անելու համար։ Մինչդեռ չօգտվեց այդ հանգամանքից և ի վերջո վճարեց իր իշխանությամբ։