Յուղազերծված յոգուրտը հակաբորբոքային ազդեցություն ունի
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 340 գ յուղազերծված յոգուրտը կարող է կանգնեցնել բորբոքման պրոցեսն ամբողջ օրգանիզմում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Վիսկոնսին-Մեդիսոն Համալսարանի աշխատակիցները փորձարկմանը մասնակցելու են հրավիրել 120 կանանց, որոնց մի մասը նորմալ քաշ է ունեցել, մի մասը՝ ճարպակալում: Մասնակիցների մի մասն ամեն օր սննդակարգում ներառել է յուղազերծված յոգուրտ, իսկ մյուս մասը օգտագործել է պուդինգ, որը կաթ չի պարունակում: Փորձարկումը շարունակվել է 9 շաբաթ:
Պարզվել է, որ յոգուրտը հակաբորբոքային ազդեցություն է ունեցել: Բացի այդ, այն նաև դրական է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա և օգնել է պահպանել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս քրոնիկ բորբոքում ունեցող հիվանդներին իրենց ամենօրյա սննդակարգում ներառել ֆերմենտային կաթնամթերք: