Եվրոպական խորհուրդը տոնում է ձևավորման 50-ամյակը
Եվրոպական խորհուրդն այս օրերին նշում է իր ստեղծման հիսուն ամյակը։ Եվրամիության այս կարևոր կառույցի ակունքները գալիս են այն վեց եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովներից, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել են Եվրոպական համայնքները։ Ժամանակի ընթացքում Եվրոպական խորհուրդը քննարկումների ֆորում լինելուց աստիճանաբար վերածվեց ԵՄ-ի լիարժեք ինստիտուտի:
Առաջին եվրոպական օրենքներն ընդունվել են 1950-ականներին՝ Եվրոպական համայնքների այն ժամանակվա անդամ վեց երկրների նախարարների կողմից, որոնք վերաբերել են տնտեսական թեմաների և ապրանքների, մարդկանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի վրա:
Այդուամենայնիվ, 1960-70-ականներին քաղաքական բնույթի հարցերի շուրջ համակարգման անհրաժեշտությունը դարձավ ավելի հրատապ ու 1961 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հյուրընկալեց վեց երկրների պետությունների ղեկավարների առաջին գագաթնաժողովը Փարիզում։
Մեկ տասնյակից ավել գործած ֆորմատի արդյունքում 1974 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի հրավերով անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները հանդիպեցին Փարիզում մեկ այլ գագաթնաժողովի շրջանակներում, որը հետագայում համարվեց Եվրոպական խորհրդի հիմնադրման պահը։ Գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահը մամուլի ասուլիսին հայտարարել է՝ «Եվրոպական գագաթնաժողովը մեռավ, կեցցե Եվրոպական խորհուրդը»։
Կառույցի առաջնային նպատակներից է եղել ու մնում «Եվրոպական միասնության» հասնելը։ Անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել հանդիպել տարին երեք անգամ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում։ Եվրոպական նոր խորհուրդն առաջին պաշտոնական նիստն անցկացրել է 1975 թվականի մարտին, Դուբլինում։ 1989-ին Բեռլինի պատի անկումը և Գերմանիայի վերամիավորումը ժամանակակից եվրոպական պատմության մեջ կարևոր իրադարձություն էր, որը դրդեց բազմաթիվ եվրոպական երկրների ձգտել անդամակցել ԵՄ-ին:
1990-ականներին ԵՄ-ն դարձավ ավելի ազդեցիկ համաշխարհային դերակատար: Այս ֆոնին Եվրոպական համայնքի 12 երկրների ղեկավարներն իրենց առաջ կարևոր մի հարց ունեին. ո՞րն էր փոփոխվող այս աշխարհում Եվրոպայի ապագա դերակատարությունը: Արդյունքը Մաաստրիխտի, Ամստերդամի և Նիցի պայմանագրերի ընդունումն էր՝ Եվրոպական խորհրդին տալով ավելի շատ լիազորություններ և դարձնելով այն ավելի արդյունավետ կառույց։ Եվրոպական խորհրդի աշխատանքի ձևը զգալիորեն փոխվեց 2009 թվականին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, որի նպատակն էր ԵՄ-ն ավելի ժողովրդավարական և արդյունավետ դարձնել:
Լիսաբոնի պայմանագրի շնորհիվ երկու հիմնական բարեփոխում է կատարվել Եվրոպական խորհրդում։ Այն ճանաչվեց որպես ԵՄ պաշտոնական ինստիտուտներից մեկը, և ստեղծվեց լիաժամկետ նախագահի պաշտոնը, որն ընտրվում է 2,5 տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգվելու հնարավորությամբ։ Եվրոպական խորհրդի առաջին նախագահ Անտոնիո Կոստան իր հայտարարության մեջ նշել էր, որ 27 անդամ պետությունների տարբեր մշակույթների ու պատմությունների կրող լինելը Եվրոպայի ուժն ու հարստությունն են։ Կոստան նշել, որ ինքն ամեն օր աշխատելու է Եվրոպայի բազմազանության մեջ միասնությունը կառուցելու ու ամրապնդելու համար։